Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Մենք ենք՝ մեր ԱԺ-ն

Մենք ենք՝ մեր ԱԺ-ն
14.08.2026 | 12:09

Եթե Ազգային Ժողովը երկրի ԴԵՄՔՆ է, ապա պետության գերագույն օրենսդիր մարմնի մասին խոսելիս պետք է տարբերակել երկու կարևոր հանգամանք՝ «ովքե՞ր են իրականում հայտնվում խորհրդարանում» և «ովքե՞ր պետք է հայտնվեն այնտեղ, որպեսզի պետությունը կառավարվի հմտորեն»։

«Լավ» խորհրդարանը մի մասնագիտության ակումբ չէ։ Այն արտացոլում է հասարակության մասնագիտական կառուցվածքը, բայց միաժամանակ ունենում այնպիսի մասնագետների մեծ կորիզ, որի անդամներն աշխատում են օրենքների, բյուջեի, պետական ինստիտուտների և ռազմավարության հետ կապված խնդիրների հետ: Հասանելի աղբյուրներից տեղեկությունների համադրմամբ՝ տեսնում ենք, որ բրիտանական, ֆրանսիական, գերմանական «մոդելների» ուժը ոչ թե այն է, որ «բոլորն իրավաբան են», այլ այն, որ խորհրդարանում կա տարբեր փորձառությունների համադրություն: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ համակարգը այդ երկրներում միավորում է իրավունքը, վարչարարությունը և կազմակերպչական-կառավարչական մասնագիտությունները։

Ոչ ոք չէր ցանկանա, որ խորհրդարանը վերածվեր միայն տեխնոկրատների ժողովի։ 100 տնտեսագետ,100 իրավաբան ունենալը դեռ լավ խորհրդարան չի ստեղծում։ Որովհետև պատգամավորը պետք է կարողանա նաև պատասխանել. «Այս օրենքն ի՞նչ ազդեցություն կունենա քաղաքացու կյանքի վրա»։

Ուստի պետք են նաև ուսուցիչ, բժիշկ, ֆերմեր, ձեռնարկատեր, ինժեներ, սոցիալական աշխատող, գիտնական, զինվորական, այլ ոլորտների մարդիկ։

Հատկապես ո՞ր մասնագիտություններն են պակասում Հայաստանում. կարելի է երազել հինգ ուժեղացում.

1. Տնտեսագետներ և ֆինանսական մասնագետներ.

Ոչ թե «տնտեսագիտության դիպլոմ ունեցող», այլ մարդիկ, ովքեր իրականում հասկանում են պետական բյուջե, հարկային համակարգ, ներդրումներ, արտադրություն, արտահանում, կապիտալի շուկա։

2. Ինժեներներ և տեխնոլոգիական մասնագետներ․ 21-րդ դարի պետությունը չի կարող միայն իրավաբաններով և քաղաքագետներով կառուցվել։ Էներգետիկա, ջուր, տրանսպորտ, ատոմային էներգիա, ՏՏ, արհեստական բանականություն, արդյունաբերություն՝ սրանք պետական քաղաքականության լուրջ հարցեր են։

3. Իրավաբաններ՝ հատկապես սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետներ. փոքր և աշխարհաքաղաքականորեն բարդ պետության համար սա նույնիսկ ավելի կարևոր է։

4. Իրական տնտեսություն ստեղծած մարդիկ. գործարարներ, արտադրողներ, արտահանողներ, ֆերմերներ, ինժեներ-ձեռնարկատերեր։ Ոչ թե միայն մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ են եղել, այլ մարդիկ, ովքեր իրենց ձեռքով համակարգ են կառուցել։

5. Գիտնականներ և կրթության մարդիկ. երկրի երկարաժամկետ հզորությունը որոշվում է ոչ միայն տարվա բյուջեով, այլ մարդկային կապիտալով։

Եվ կա մի սկզբունք, որը նույնիսկ մասնագիտությունից կարևոր է. պատգամավորը պետք է ունենա ոչ միայն գիտելիք, այլև իրական կյանքի փորձ։ Իդեալական պատգամավորը, իմ պատկերացմամբ, պետք է ունենա մասնագիտություն, աշխատանքային փորձ, կառավարման փորձ, հանրային պատասխանատվության զգացում։ Ոչ թե պարզապես, որ նա «քաղաքականության մեջ է եղել»։

Բայց այսօրվա խորհրդարանում մենք տեսնում ենք քպ-ական լինելու «շնորհիվ» Աժ-ում «ինքնաբերաբար» հայտնված մեծաթիվ պատգամավորների: Եվ այդ «մանդատանվիրատվությունը»՝ միայն և միայն մեկ անձի ցանկությամբ ու կամքով: Ահա ինչու՝ Հայաստանի խորհրդարանը 2018-ից հետո մասնագիտական առումով որոշ ուղղություններով թեև այլ է, բայց այն դեռ բավարար չափով չի փոխվել դեպի «պետություն կառուցող մասնագետների խորհրդարանի»։ Տեխնիկական, արդյունաբերական, գիտատեխնիկական և իրական տնտեսության մասնագետների ներկայացվածությունը մնում է հիմնական խնդիրը։ 9-րդ գումարման Խորհրդարանը ավելի շատ նմանվել է պետական կառավարման համակարգի շարունակությանը, քան հասարակության մասնագիտական «խաչմերուկի»։

Ո՞րն է Հայաստանի ԱԺ-ի ամենամեծ մասնագիտական խնդիրը. Իմ կարծիքով՝ ոչ իրավաբանների, ոչ էլ տնտեսագետների պակասն է։ Ամենամեծ խնդիրը՝ իրական տնտեսություն և տեխնիկական պետություն կառուցած և կառուցող մարդկանց պակասը։ Հայաստանը հիմա այն փուլում չէ, որտեղ հիմնական խնդիրն է պարզապես «լավ օրենք գրել»։ Հայաստանի գլխավոր խնդիրն է՝ ինչպե՞ս ստեղծել արտադրող պետություն։

Ենթադրենք՝ ԱԺ-ն քննարկում է Հայաստանի էներգետիկ անկախության հարցը։ Իրավաբանը կարող է ասել՝ ինչ օրենք է անհրաժեշտ։ Տնտեսագետը կարող է հաշվել՝ ինչ արժե։ Դիվանագետը՝ ինչ միջազգային պայմանագրեր են անհրաժեշտ։ Բայց էներգետիկ ինժեները կարող է ասել. «Սա տեխնիկապես հնարավոր չէ այդ ժամկետում»։ Կամ՝«Տեխնոլոգիան սխալ ընտրություն է»։ Այդ գիտելիքը խորհրդարանում անփոխարինելի է։ Նույնը՝ բանակի դեպքում. Հայաստանի նման երկրի համար ԱԺ-ում պիտի ունենայինք ավելի մեծ ռազմարդյունաբերական և տեխնոլոգիական գիտելիք։ Ոչ միայն գեներալ։ Այլ՝ռազմական տեխնոլոգ, ռադիոէլեկտրոնիկայի, կիբեռանվտանգության մասնագետ, անօդաչու համակարգերի ինժեներ, ավիացիոն ինժեներ: Որովհետև պատերազմը միայն զինվորականների խնդիրը չէ։ Այն ինժեներական, տեխնոլոգիական, արդյունաբերական համակարգ է։

Մասնագիտություն և իրական փորձ. երկու պատգամավորի միջև ընտրություն անելիս երբեք միայն դիպլոմին չպետք է նայել։ Երկու տնտեսագետներից ո՞ւմ կընտրեք. Ա-ն ավարտել է տնտեսագիտական համալսարանը, հետո ...աշխատել է ՔՊ կուսակցությունում։ Բ-ն աշխատել է արտադրությունում, ղեկավարել կազմակերպություն, արտահանել է արտադրանք, բախվել բանկերի, մաքսային համակարգի, աշխատաշուկայի և ներդրումների խնդիրներին։ Ո՞ր իրավաբանին ընտրենք՝ Ա՝ կուսակցության իրավաբան, Բ՝ 15 տարի զբաղվել է սահմանադրական, վարչական և միջազգային իրավունքով։

Հայաստանի քաղաքական համակարգը դեռ բավարար չափով չի կարողանում երկրի իրական մասնագիտական ներուժը վերածել քաղաքական ներկայացվածության։

Ինչպես գնահատել 2026-ի ԱԺ-ում կատարված փոփոխությունը. տնտեսագիտական կարողություն՝ խառը արդյունք։ Դեռ չենք տեսնում այն չափի իրական արտադրական և ներդրումային փորձը, որն անհրաժեշտ է Հայաստանի տնտեսությունը փոխելու համար։ Գիտություն և բարձր տեխնոլոգիաներ ՝ անբավարար։ Ինժեներական և արդյունաբերական ոլորտ. ամենամեծ բացերից մեկը։ Գյուղատնտեսություն. անբավարար ներկայացված։ Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն. ցանկալի էր ավելի շատ պրոֆեսիոնալ դիվանագիտական և միջազգային իրավունքի երկարամյա փորձ։

Իրական բիզնես/արտադրություն. պետք է ավելի շատ լինի և հատկապես՝ ոչ միայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչների տեսքով։ Փոքր և միջին ձեռնարկատերը պետք է խորհրդարանում լսելի լինի։

Իսկ 2026-ի նոր ԱԺ-ն առաջ գնաց, թե՞ հետ. քաղաքական կազմի փոփոխությունը հստակ է․ 2026-ի ընտրություններով խորհրդարան անցան երեք ուժեր։ Մասնագիտական որակի հարցում «ուժեղացել է» գնահատական տալ չենք կարող։ Եթե հին պատգամավորը 20 տարվա միջազգային իրավաբան է, իսկ նոր պատգամավորը երեք տարվա քաղաքական ակտիվիստ, ապա «նոր» լինելը բոլորովին առաջընթաց չէ։ Եթե ես լինեի կուսակցության ղեկավար և կազմեի100 հոգանոց խորհրդարանական ցուցակ, ես մարդկանց չէի դասավորի միայն քաղաքական հավատարմությամբ։ Եթե ինձ հարցնեք՝ ինչո՞ւ է Հայաստանի խորհրդարանը օրենսդրական թույլ արդյունք տալիս, ես պատճառը միայն պատգամավորների անհատական ունակության մեջ չէի փնտրի։ Բանն այն է, որ Հայաստանի քաղաքական համակարգը դեռ ընտրում է քաղաքականապես հարմար մարդկանց ավելի հեշտ, քան պետության համար անհրաժեշտ մասնագետներին։

Եվ դրա հետևանքը շատ լուրջ է։ Երբ խորհրդարանում քիչ են իրական ինժեներները՝ մենք ստանում ենք տեխնիկապես թույլ որոշումներ։ Երբ քիչ են արտադրողները՝ ստանում ենք արտադրության իրական խնդիրներից հեռու տնտեսական քաղաքականություն։ Երբ քիչ են գիտնականները՝ գիտության քաղաքականությունը դառնում է վարչական։ Երբ քիչ են միջազգային իրավունքի մասնագետները՝ արտաքին քաղաքականության որոշումները դառնում են քաղաքականացված։ Իսկ երբ շատ են միայն իրավաբանները, քաղաքագետները, կուսակցական աշխատողները և պետական ապարատի նախկին և ներկա պաշտոնյաները, խորհրդարանը կարող է լավ քննարկել իշխանության կազմակերպումը, բայց ոչ լավ՝ երկրի արտադրական, տեխնոլոգիական և տնտեսական վերափոխումը։

Հայաստանի համար գլխավոր բանաձևը կլիներ՝ ԱԺ-ին պետք են ոչ թե «խելացի կուսակցականներ», այլ մարդիկ, ովքեր իրենց մասնագիտության մեջ ինչ-որ բան կառուցել, արտադրել, նախագծել, հետազոտել, կառավարել կամ պաշտպանել են։

Ես նոր ԱԺ-ին դեռ ոչ դրական, ոչ բացասական վերջնական գնահատական չէի տա։ Անցած օրերն ընդամենը մեկնարկ է։ Բայց արդեն ցույց են տալիս երկու տարբեր ճանապարհի հնարավորություն. մի ճանապարհը՝ ԱԺ-ն կշարունակի՞ մնալ քաղաքական դիմակայության, վիրավորանքի, նախկինների ու ներկաների փոխադարձ մեղադրանքների հարթակ։ Թե՞՝ աստիճանաբար կվերածվի երկրի զարգացման ռազմավարական կենտրոնի, որտեղ իշխանությունն ունի պատասխանատվություն, իսկ ընդդիմությունը՝ վերահսկողություն և այլընտրանք։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 82

Մեկնաբանություններ